Ժամանակին դատարանում ներկայիս վարչապետին դատում էին նրա համար, որ վիրավորել էր համալսարանի դասախոսներից մեկին։ Չեք պատկերացնում՝ ինչ էր կատարվում․ «Ո՞նց կարելի է ինձ դատել, ես լրագրող եմ» և այլն։ Հիմա այդ նույն մարդը՝ Փաշինյանը, ասում է․ «Չէ, ճիշտ է»։ Այսինքն, դրանով ընդունում է, որ այն ժամանակ իրեն պետք է դատեին, անդրադառնալով վիրավորանքը, հայհոյանքը, զրպարտանքը քրեականացնող նախագծին, որը կյանքի կոչվեց գործող իշխանության նախաձեռնությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Իրավապաշտպանը, խոսելով երկրում տիրող բարոյական ճգնաժամի դրսևորումներից, հիշեցրեց նաև հրապարակային խոսքում Փաշինյանի գործածած հայտնի արտահայտությունները։

«Ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ (վիրավորանքը քրեականացնելը – խմբ․), եթե նա կանգներ, ասեր՝ ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում, սխալ եմ արել մինչև այս պահը, որովհետև ես ասում եմ՝ ինձ ասում են, իսկ հիմա եկեք սկսենք նոր կետից։ Բայց այդպես չէ։ Այսինքն, նրանք ընդունում են, որ ճիշտ են արել։ Եթե ճիշտ են արել, ուրեմն առնվազն բարոյական տեսանկյունից դա աբսուրդ է», — կարծիք հայտնեց Մելիքյանը՝ իշխանության կիրառած երկակի ստանդարտների մասին։