Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։  Սեպտեմբերի 2-ից թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում մեկնարկել է  կուսակցությունների կամ դաշինքների ավագանու անդամների թեկնածուների առաջադրումները։ Փաստաթղթերի ներկայացման համար տրված է տասը օր, որից հետո հանձնաժողովը հնգօրյա ժամկետում ուսումնասիրելու է  նրանց ներկայացրած փաթեթը, որի արդյունքում էլ կամ  կհաստատի կամ էլ՝ կմերժի։ Սեպտեմբերի 17-ն ավագանու անդամների ցուցակների գրանցման համար սահմանված վերջնաժամկետն է։

Մինչ այս պահը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է «Գյումրին կռնա» դաշինքը։ Այն նորաստեղծ է։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն «Ազգային Արժեք» ակումբի հիմնադիր Վարդան Սրտաշյանն է։ Վերջինս Գյումրիում այդքան էլ հայտնի չէ, աշխատում է «Արաքս» ռեստորանային համալիրում որպես տնօրեն։ Վերջինս օրեր առաջ տեղեկացրել էր, որ ակումբը երեևանյան գործընկերների հետ կնքել է քաղաքական համագործակցության հուշագիր։ Խոսքը՝  «Հայք», «Նժդեհյան Ցեղակրոն», և «Քրիսոտնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունների մասին է։ Այս քաղաքական միավորները ևս հանրության շրջանում հայտնի չեն, հետեւաբար Սրտաշյանը մեղմ ասած այս պահին շանսեր չունի։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ՏՒՄ ընտրություններին մասնակցելու որոշում ունի։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Վերջինիս թեկնածությունը գյումրեցիների շրջանում ևս միանշանակորեն չի ընդունվել։ Հարությունյանը որպես մարզպետ իրեն չի արդարացրել, հետեւաբար  նրան որպես քաղաքապետ տեսնել գյումրեցիներից շատերը չեն ցանկանում։ Հարությունյանն էլ հույսը դրել է իշխանական լծակների ու անձամբ Փաշինյանի վրա։

Ինչ վերաբերում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ապա վերջինս բավականին խորամանկ քայլի է դիմել։ Իբրև թե հրաժարվելով մասնակցել ընտրություններին, Բալասանյանը իրականում կեղտոտ քայլերի է դիմել։ Մասնավորապես «Բալասանյան դաշինքը» որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին, բայց ոչ թե Սամվել Բալասանյանի դեմքով, այլ՝ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի։ Տեղեկությունների համաձայն «Բալասանյան դաշինքի» ցուցակը գլխավորելու է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։ Դաշինքը հույս ունի ծանրակշիռ ներկայացվածություն  ունենալ ավագանու կազմում, բայց իհարկե գործելով բացառապես իշխանական գծում։ Իշխանությունն էլ որոշել է Բալասանյանին որպես շնորհակալություն նշանակել մարզպետի պաշտոնում։ Իսկ ՔՊ-ական նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ ամենայն հավանականությամբ կշնակվի Գյումրու փոխքաղաքապետ։

ՀՀԿ-ն Գյումրու ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդու՝ Արտյոմ Ղուկասյանի դեմքով։

ՀՅԴ-ն, որն այս պահին համագործակցում է «Հայաստան» դաշինքի հետ քննարկումների մեջ է։ Չի բացառվում Դաշնակցությունն առանձին մասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ «Հայաստան» դաշինքը ևս քննարկումների մեջ է։ Որոշ տեղեկությունների համաձայն դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն չունի մասնակցելու ընտրություններին և հերթական անգամ պարտվել Նիկոլ Փաշինյանին։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին, ապա այս ուժերը դեռ վերջնական որոշում չունեն։ Չի բացառվում, որ առհասարակ չմասնակցեն ընտրական այս գործընթացին։

Irakanum.am