ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մակագրվել է իշխանությունների «սրտի» դատավոր, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Վերջինիս անունը մասնագիտական հանրության շրջանում կապվում է տարբեր ժամանակներում՝ որպես իշխանությունների ցանկացած կամքը հաստատող դատավոր։

Ի դեպ, հենց Մնացական Մարտիրոսյանն է եղել այն դատավորը, որը շուրջ 11 տարի առաջ դատապարտել էր այսօր արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, իսկ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, Մնացական Մարտիրոսյանը կատարում է Փաշինյանի կամքը՝ ի ցույց դնելով, որ իշխանահաճո դատավորները «մնայուն արժեքներ» են։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է այսօր առավոտյան՝ նոր օրենսդրական կարգավորումների շրջանակներում՝ դատարան ներկայացվելու համար, ընդ որում, այն ժամանակահատվածում, երբ դատարաններում գործերը բաշխվում են ոչ թե էլեկտրոնային մակագրման համակարգի, այլ՝ դատարանի նախագահների կողմից։ Եւ սպասելի էր, որ գործը մակագրվելու է հենց նման դատավորի։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատարանին, որը սակայն մերժվել է եւ Մ.Մարտիրոսյանն այս պահին շարունակում է դատական նիստը։

Մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման համար։

Քրեական գործը հարուցվել է շուրջ 1,5 տարի առաջ, սակայն այդ ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել որեւէ ապացույց գտնել՝ մեղադրանք առաջադրելու համար։ Գործը նոր ընթացք է ստացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո. ի հայտ են եկել կասկածելի անցյալ ունեցող երկու անձ, որոնք տվել են իշխանությունների համար ցանկալի ցուցմունք, որն էլ դրվել է Ա. Հովսեփյանի մեղադրանքի հիմքում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ առաջադրված մեղադրանքները որեւէ աղերս չունեն իրականության ու իրավաբանության հետ եւ Աղվան Հովսեփյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները։