Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատարանում Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, թե դատավոր Աննա Դանիբեկյանը խախտում է իր պաշտպանյալի արդար դատաքաննության իրավունքը։ Նա ասաց, թե դատավորը նման վարքագծին ստանալու է համապատասխան արձագանք։

Աննա Դանիբեկյանն էլ նշեց, թե օգոստոսի 24-ի նիստին Ալեքսանյանը լքել է նիստերի դահլիճը՝ առանց թույտվության ու ստիպված հետաձգել են նիստը։

Դատավորը Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն։ Էրիկ Ալեքսանյանը ցանկանում էր հայտարարություն անել, սակայն դատարանը թույլ չտվեց։ Ալեքսանյանը պնդեց՝ կանի իր հայտարարությունը։

«Խնդրում եմ իմ՝ որպես Արմեն Գևրոգյանի պաշտպան, պարտավորությունները դադարեցնել, որովհետև դուք հակակրանք ունեք իմ նկատմամբ։ Ես նման պայմաններում այլևս չեմ կարող շարունակել Արմեն Գևորգյանի պաշտպանությունը, ես հայտարարում եմ, որ հետայսու Արմեն Գևորգյանի շահերը պաշտպանել չեմ կարող», — դիմելով դատավորին՝ ասաց Ալեքսանյանը։

Նա նշեց, թե այլ վարույթներում շարունակելու է լինել Գևորգյանի պաշտպանը։ Էրիկ Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը։

Արմեն Գևորգյանն էլ հայտարարեց, թե ուզում է պաշտպան ունենալ, որովհետև ինքնուրույն չի կարող գործի մանրամասներին ուշադրություն դարձնել։

Գևորգյանը համաձայն է Էրիկ Ալեքսանյանի հետ, որ նա այլևս չի կարող այս դատավարությունում պաշտպանել իր իրավունքը. նախկին փոխվարչապետն ասաց, թե պետք է մտածի նոր պաշտպաններ ներգրավելու մասին։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, թե սա պլանավորած էր։

«Բոլորի համար ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանում մեղադրական եզրակացության մեջ առկա հաստատված փաստերը հրապարակվեն դատական նիստում, սա ակնհայտ իրավունքի չարաշահում է», — ասաց դատախազը։