ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը Կատարի մայրաքաղաք Դոհայում այսօր  բանակցություններ են անցկացրել այդ երկրի իրենց պաշտոնակիցների հետ: Կողմերը, տարածաշրջանային այլ հարցերի հետ միասին, քննարկել են Աֆղանստանից մնացյալ ամերիկացիներին ու վտանգի տակ գտնվող աֆղանստանցիներին տարհանելու հետ կապված հարցեր:

Կատարի ամիր Ալ Թանիի եւ երկրի պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամմեդ ալ-Աթիյահի հետ հանդիպումից հետո Բլինքենը թվիթերյան իր էջում գրել է, թե երախտապարտ է հարյուրավոր ամերիկացիների եւ տասնյակ հազարավոր աֆղանստանցիների անվտանգ ելքն ապահովելու գործում ցուցաբերած աջակցության համար:

Նախորդ օրը եւս չորս ամերիկացիների է հաջողվել դուրս բերել Աֆղանստանից: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության պաշտոնատար անձինք:

Կատարից հետո Բլինքենն ուղեւորվելու է դեպի Գերմանիա: Այստեղ տեղակայված Ռամշտայնի ամերիկյան օդային բազայում նա հանդիպումներ է ունենալու ամերիկացի զինվորականների եւ աֆղանստանցի փախստականների հետ:

Բլինքենը Գերմանիայում հեռավար հանդիպում է անցկացնելու այն 20 երկրների նախարարների հետ, որոնք օգնում են աֆղանստանցի փախստականներին տեղեփոխելու ու մշտական բնակության վայր ապահովելու աշխատանքներում:

Ամերիկայ ձայն