«Ձեզ ուղղված հարցերը չեն պակասում, շատանում են, որովհետև այս ընթացքում դուք ոչ միայն դասախոսական աշխատանքով եք զբաղվել, այլ նաև ֆեյսբուքյան գրառումներով»,- այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին, ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Սա ձեր գրառումն է, որը ես չեմ ամաչի, կհնչեցնեմ, չնայած պետականության տեսակետից սա ամոթալի գրառում է: Դուք գրել եք. «Սերիական մարդասպանները միշտ այցելու են իրենց զոհերի գերեզմաններին, սենց վիժվածք աշխարհը չի ծնել»: Փաստորեն, Եռաբլուրի խորհուրդը դուք այսպե՞ս եք հասկանում: Խոսքը Եռաբլուրի մասին է, որտեղ վարչապետը հարգանքի տուրք է մատուցում զոհերին: Եթե դուք այդպես եք մտածում, ապա ասեմ ձեզ, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի զոհերի հուղարկավորությունից հետո երբեք համարյա, որքան ես հիշում եմ, Եռաբլուր չէր այցելել: Նախընտրական շրջանում ինքը գնաց Եռաբլուր և գնաց նաև Սպարապետի գերեզմանին: Նու՞յն ձև եք մտածում, Սպարապետի գերեզմանին այցելողը ի՞նչ հոգեբանական բարդույթների ելնելով է գնացել նրա գերեզմանին»,- հարցրեց Անդրանիկ Քոչարյանը:

Ի պատասխան Ղազինյանն ասաց. «Ես նշել եմ կրիմինոլոգիայի մի թեզ: Այն անձը, ով մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկությունը, ասելով, որ ինձ կասեին դավաճան, որից հետո մեն ունեցանք հազարավոր  մարդկային կորուստներ, հայրենիքի կորուստ, եւ որից հետո ոչ միայն չասաց՝ ես այլեւս անելիք չունեմ, ես  պետք է գնամ, որովհետև իմ արածը ներում չունի: Առնվազն հոկտեմբերի 19-ից հետո, ես վստահ եմ՝ ավելի առաջ, այս պատերազմը պետք է կանգներ: Փաստն այն է, որ մեր իշխանությունը մերժել է դադարեցնել պատերազմը ասելով՝ ինձ կասեին դավաճան: Կամ քեզ կասեին՝ դավաճան, կկորցնեիր իշխանությունը, կփրկեինք հազարավոր կյանքը, Շուշին, Հադրութը, Արցախը կպահեինք միասնական, Քարվաճառը, Լաչինը կմնար հայկական որոշ ժամանակ, կամ իշխանությունը: Ընտրվեց երկրորդ տարբերակը, այսինքն իշխանությունը պահելու գնով որոշեցին գնալ այդ պրոցեսին: Առնվազն հոկտեմբերի 19–ից հետո արձանագրված բոլոր մարդկային և տարածքային կորուստների համար մեղավոր եւ պատասխանատու է մեկ անձ: Եվ այդ մեկ անձը այցելելով գերեզմանները, որոնց ինքն իր մերժումով մտցրեց մսաղացի մեջ, դրա պարագայում իմ գնահատականը միանշանակն է, նա պետք է կրի քրեական պատասխանատվություն: Դա ժամանակի հարց է»: