2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 980 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ 21 դեպքով նվազել է հրդեհի մասին գրանցված կանչերը:

Մեկ շաբաթվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 18 ելք: Հրդեհի 14 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ աղբանոցներում: Մյուս 2 դեպքերն առաջացել են էլեկտրալարերի կարճ միացումից: Տուժածներ չկան:

Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Տեղումներ չեն սպասվում: Հրշեջ փրկարարները հրդեհավտանգ շրջանում կշարունակեն ծառայությունն ուժեղցաված ռեժիմով:

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին գրանցվել է մեկ դեպք: Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի բնակիչը Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում իրեն պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով շրջվել է և ոտքը մնացել է ավտոմեքենայի տակ: Փրկարարներն ու շտապ բժշկական օգնություն կայանի բժիշկները նրան տեղափոխել են հիանդանոց: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 28 հրթիռ, թնդանոթի 1 արկ և 1 ավիառումբ: Հանրապետության տարածքում հետախուզական և ականազերծման աշխատանքներին մասնակցում են ռուսական խաղաղապահ ուժերի, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի և The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորները:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, կենցաղային՝ 38 կանչ: Ջրամատակարարման աշխատանքներ կատարելու նպատակով փրկարարները կատարել են 16 ելք: Խմելու և առօրյա օգտագործման նպատակով ջուր է մատակարարվել Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական թաղամասերի բնակիչներին:

Գրանցվել է հիվանդի տեղափոխման 6, դռան բացման 8, վերելակի բացման 2, օձի հայտնաբերման 1 դեպք:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն շարունակում են իրականացնել որոնողական աշխատանքներ: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 4 ելք:

Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: