ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալագրի արժանացած  «Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովը մինչեւ օրս քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելու համար։ Թեև այս տարվա ապրիլին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հարությունովն արդարացվել է, սակայն նրա վերաբերյալ գործով դատական ակտն օրինական ուժի մեջ չի մտել։ Բանն այն է, որ մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը դատավճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում՝ պահանջելով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, Հարությունովին մեղավոր ճանաչել  ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) և նրան դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Ներկայումս հիշյալ գործը քննվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի վարույթում։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը նախարարության անունից շնորհակալագիր էր հանձնել  «բարերարին»,  Aravot.am–ի հետ զրույցում հայտարարել է, թե տեղյակ չէ Հարությունովի քրեական անցյալից, և որ իր համար չափանիշն այն է, որ մարդը բարեգործություն է արել, ազատության մեջ է և չի հետախուզում։ Ստացվում է՝ Գիլոյանը ոչ միայն տեղյակ չէ, որ մինչ օրս Հարությունովը քրեական հետապնդման է ենթարկվում, այլև չի տեսել  կառավարության ղեկավարի հրամանով վերջին երեք տարում Հանրապետությունում իրականացված «ասֆալտին փռելու» օպերացիաների վերաբերյալ ոստիկանության նկարահանած «ֆիլմերը», տեղյակ չէ, որ իրավապահները՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում վերջին երեք տարում մի քանի անգամ հասցրել են աղմուկով (ասֆալտին փռելով) բերման ենթարկել Հարությունովին կամ խուզարկել նրա բնակարանն ու ավտոմեքենան։

Ի դեպ՝ Հարությունյանի վերաբերյալ քննվող գործի դատաքննության ընթացքում նրա պաշտպանն առիթ ունեցել է բարձրաձայնել իր պաշտպանյալին ասֆալտին փռելու երևույթի մասին։

Պաշտպանը խնդրել էր դատարանին զերծ մնալ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հոգեբանությունից, քանի որ ըստ նրա՝ այդ հոգեբանությունը ուղղակի վտանգ է ներկայացնում  Հայաստանի արդարադատությանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հարությունովին առնվազն երեք անգամ աղմուկով բերման են ենթարկել, վերջին անգամ՝  նախորդ տարվա օգոստոսին՝ դարձյալ ապօրինի զենք–զինամթերք ձեռք բերելու կասկածանքով։ Այս իրավիճակում մնում է արձանագրել, որ վարչապետի հեղինակած՝ ասֆալտին փռելու օպերացիաները առոչինչ են, իսկ իրավապահների՝ քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարը՝ փուչիկ, երբ ամբաստանյալը կարող է ֆինանսական ինչ–ինչ ծառայություններ մատուցել օրվա իշխանությանը։ Զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակ անց էլ Կանևսկոյի փողերով նորոգված դպրոցը  ներկայացվի իբրև նոր կառավարության իրականացրած դպրոցաշինության ձեռքբերումներից մեկը և նոր Հայաստանի 100 փաստի շրջանակներում  Փաշինյանն այն մատուցի հանրությանը։