Մեկ այլ պատշաճ վերնագիր կլիներ՝ «Խորհրդարանականները ջութակ են նվագում՝ մինչ Հայաստանն այրվում է», որն իմ տարբերակն է՝ «Ներոնը ջութակ է նվագում՝ մինչ Հռոմն այրվում է» պատմական հայտնի արտահայտության, որը վերաբերում է Հռոմում մեծ հրդեհի ժամանակ Ներոն կայսեր անգործությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա է Հայաստանում տիրող ողբերգական իրավիճակը։ Անցյալ սեպտեմբերյան պատերազմում Արցախի մեծ մասի և հազարավոր հայ երիտասարդների կորստից հետո կարելի էր կարծել, որ հայերը Հայաստանի թե՛ ներսում, և թե՛ դրսում կհամախմբվեն՝ իրենց վերքերը բուժելու, բանակն ամրապնդելու և թշնամու հետագա առաջխաղացումները հետ մղելու համար։ Ցավոք, տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Մեղավորը ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը կամ մեկ ուրիշն է, այլ մենք ինքներս։ Մենք չենք ցանկանում միավորվել նույնիսկ մեծ արհավիրքից հետո: Նախքան որևէ մեկին մեղադրելը, մենք պետք է մեզ հայելու մեջ նայենք։

Հայաստանի անկախացումից ի վեր մենք պարծենում էինք, որ տարածաշրջանում Հայաստանն ուներ ամենահզոր բանակը, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել մեզ վրա, և եթե դա աներ, մենք կհասնեինք մինչև Բաքու։ Նախորդ տարվա պատերազմից առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեծամտորեն հայտարարեց. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», այսինքն, եթե Ադրբեջանը հարձակվեր Արցախի վրա, Հայաստանը կգրավեր ավելի շատ ադրբեջանական տարածքներ:

Հայաստանի և Արցախի նախկին և ներկա ղեկավարները հրաժարվեցին որևէ զիջման գնալ Արցախին հարակից տարածքների վերաբերյալ, եթե Ադրբեջանը նախապես չհամաձայնի ճանաչել Արցախի անկախությունը: Չնայած նրան, որ մնացած աշխարհը կոչ էր անում Հայաստանի ղեկավարներին փոխզիջումների գնալ և վերադարձնել Արցախին հարակից տարածքները, մենք մերժեցինք նման առաջարկությունները: Դա է պատճառը, որ ոչ մի երկիր չի ցանկացել ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նույնիսկ Հայաստանը հրաժարվեց դա անել՝ ակնկալելով, որ մեզնից առաջ ուրիշները կպաշտպանեն Արցախի շահերը:

Որպես հետևանք, մենք վատնեցինք մեր եզակի հնարավորությունը՝ ստիպելու Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը 1990-ականներին, երբ թշնամին պարտված էր և տկար:

Չմտնելով անիմաստ բանավեճի մեջ, թե արդյոք նախկին կամ ներկայիս ղեկավարներն էին պատասխանատու 2020 թվականի մեր պարտության համար, ես կասեի, որ մենք բոլորս ենք պատասխանատու այդ աղետի համար:

Անցած պատերազմի ավարտից ի վեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժեց իր հրաժարականի բազմաթիվ առաջարկները և թույլ տալու, որ մի նոր ղեկավար ստանձնի ավերված երկրի կառավարման ղեկը։ Նա պնդեց, որ ինքը միակն է, որ կարող է լուծել երկրի առջև ծառացած վիթխարի խնդիրները: Ինչպե՞ս կարող էր մեկը, որի իշխանությամբ երկիրը նման պարտություն էր կրել, որևէ բան շտկել։ Բայց նա համառորեն կառչեց իր աթոռից: Օգտագործելով իր տրամադրության տակ եղած պետական ռեսուրսները՝ նա կարողացավ համոզել ընտրությունների մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելիին՝ սատարել իրեն և իր կուսակցությանը: Իրականում Փաշինյանի օգտին քվեարկածների մեծ մասը դեմ է քվեարկել նախկին ղեկավարներին։ Ինչպես և սպասվում էր, պատերազմից գրեթե մեկ տարի անց ոչ միայն չեն լուծվել Հայաստանի խնդիրները, այլև շատ առումներով դրանք շատ ավելի վատթարացել են:

Չնայած նախկին ղեկավարներին իրենց իշխանության օրոք այնքան էլ չէին համակրում, սակայն թշնամանքի և ատելության այն աստիճանը, որ այսօր տեսնում ենք Հայաստանում, աննախադեպ է: Ցավոք, ներկայիս վարչապետն էլ ավելի սրեց իրավիճակը՝ անընդհատ սպառնալիքներ և նախազգուշացումներ հնչեցնելով ոչ միայն նախկինների, այլ իր հետ անհամաձայնություն ունեցող յուրաքանչյուրի դեմ։ Նա իր իշխանությունն սկսեց՝ քարոզելով ժողովրդավարություն և հանդուրժողականություն, բայց արագ դարձավ բռնակալ՝ հասարակությունը բաժանելով «սևերի» ու «սպիտակների», և սարսափելիորեն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բեմում մուրճ թափահարեց՝ սպառնալով ջարդել իր հակառակորդների գլուխները․․․

Նման թունավոր մթնոլորտում անհնար է ժողովրդին միավորել հասարակաց թշնամու դեմ: Շատ ավելի հեշտ է պայքարել երկրի ներքին քաղաքական հակառակորդների դեմ: Ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը պատրաստ չեն որևէ փոխզիջման գնալ երկրի խնդիրները լուծելու և հայրենիքը պաշտպանելու թշնամական հետագա ներխուժումներից:

Զարմանալի չէ, որ երբ անցյալ շաբաթ Փաշինյանը եկավ խորհրդարան՝ ներկայացնելու իր կառավարության հնգամյա ծրագիրը, ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրամայեց մտնել դահլիճ և ընդդիմության որոշ ներկայացուցիչների բռնի ուժով դուրս բերել: Խորհրդարանն ավելի շատ նման էր ռազմական կայազորի, քան օրենսդիր ժողովի դահլիճի: Սիմոնյանը հաճախ էր ոտնահարում ընդդիմության ներկայացուցիչների ազատ խոսքի իրավունքը, երբ նրանք համարձակվում էին անդրադառնալ վարչապետին նվաստացուցիչ կերպով: Նա հրամայեց անջատել ելույթ ունեցողների խոսափողերը, ինչպես նաև ժողովները հեռարձակող տեսախցիկները: Այս խիստ միջոցառումներն անհարիր են երկրի օրենսդիր մարմնին: Ծեծկռտուքի տգեղ տեսարանները հեռարձակվում էին աշխարհի տարբեր հեռուստաընկերություններով՝ խայտառակելով համայն հայությանը։

Արդյունքում, կառավարության առաջարկած հնգամյա ծրագիրը գրեթե չքննարկվեց: Փոխարենը, կրկնվեցին հարձակումները խորհրդարանականների կողմից՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բերանացի:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը և Թուրքիան, քաջալերված իրենց վերջին հաղթանակից և տեսնելով խորը պառակտումները Հայաստանի ներսում, ոտնձգություն են կատարում Հայաստանի սահմանների վրա և պահանջում են ավելի ու ավելի շատ զիջումներ: Հայաստանի թուլացած առաջնորդը չի կարող դիմակայել Ադրբեջանի գոռոզ պահանջներին, մինչդեռ Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը հետապնդում է իր շահերը՝ համաձայնեցնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Եզրափակելով, կցանկանայի երկու կետ նշել, որոնք հաճախ քննարկվում են սոցիալական ցանցերում:

1) Փաշինյանին ուղղված ամենափոքր քննադատության դեպքում նրա կողմնակիցները շտապում են խրատել քննադատողներին՝ ասելով, որ Սփյուռքն իրավունք չունի քննադատել Հայաստանի կառավարությանը: Ես մերժում եմ նման առարկությունները, քանի որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք ապրում: Քննադատությունը կամ գովասանքը նշան է այն բանի, որ անհատն ավելի շատ հոգ է տանում իր հայրենիքի մասին, քան անտարբեր հանդիսատեսի կեցվածք ընդունում: Ինչո՞ւ իրավունք ունենք կարծիք հայտնելու աշխարհի ցանկացած այլ երկրի, օրինակ՝ Աֆղանստանի մասին, սակայն երբ խոսքը վերաբերում է Հայաստանին՝ մեր հայրենիքին, մենք նման իրավունք չունենք: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ նրանք, ովքեր առարկում են սփյուռքահայերի կողմից Հայաստանի կառավարության հասցեին հնչող քննադատություններին, առարկություն չունեն, երբ վերջիններս գովաբանում են Հայաստանը: Հետևաբար, հարցը ոչ թե Հայաստանին քննադատելու իրավունք ունենալն է, այլ վարչապետի հասցեին քննադատություն լսել չցանկանալը:

2) Իմ կարծիքով, կառուցողական քննադատությունը շատ ավելի արժեքավոր է, քան ղեկավարի կույր աջակցությունը: Ո՞րն է ավելի հայրենասիրական՝ տեսնելով, որ ինչ-որ բան սխալ է ընթանում, բերանը փա՞կ պահել, թե՞ բարձրաձայնել ու փորձել ուղղել այն: Իմ կարծիքով, ուղղիչ գործողություններ ձեռնարկելը շատ ավելի հայրենասիրական է, քան լռելը՝ թույլ տալով, որ սխալը շարունակվի:

Հուսով եմ, որ մենք կդադարենք «ջութակ նվագել», կամ մեր դեպքում՝ իրար դեմ պայքարել, և ձեռք ձեռքի կտանք՝ ստեղծելու հզոր Հայաստան, որը կդիմանա մեր դարպասների  առաջ  բարբարոսների անդադար հարձակումներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի