Հայաստանի քաղաքացիներն անսպասելիորեն հերթական անգամ հայտնվել են երկու կրակի արանքում:

Ինչպես արդեն հաղորդվել է, վերջին շրջանում հանրապետությունում անձնագրերի տրամադրման խնդիր է առաջացել:

«Այս պահին կորոնավիրուսային համավարակի պատճառով անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ են ծագել, ինչի պատճառով քաղաքացիներին անձնագրեր չեն տրվում»,- այսօր NEWS.am-ի թղթակցին ասել են ոստիկանության մամուլի ծառայությունից: Անձնագրերի տրամադրման վերականգնման ժամկետները չեն նշվում: Անձնագրային գրասենյակները խորհուրդ են տալիս սեպտեմբերի 20-ից հետո գալ:

Բայց այս խնդիրը վերաբերում է ոչ միայն երկրից հեռանալ կամ վարկ վերցնել ցանկացողներին: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը բառացիորեն ստիպում է աշխատող քաղաքացիներին պատվաստվել կամ երկու շաբաթը մեկ բացասական թեստ ներկայացնել: Վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է, որից հետո գործատուի հանդեպ պատժամիջոցներ կսկսվեն:

Հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը: Առանց անձնագրի անհնար է պատվաստվել: ID ունենալու դեպքում կարելի է թեստ անցնել: Անձնագրային գրասենյակներում ուսերը թոթվում են և խորհուրդ են տալիս նույնականացման քարտ ստանալ: Բայց եթե սովորական անձնագիրն անվճար է տրվում (վճարումը կատարվում է միայն պետական տուրքի տեսքով՝ 1000 դրամի չափով), ապա ID-ն երեք անգամ ավելի թանկ արժե: Ստացվում է, որ նման դեֆիցիտը շատ ձեռնտու է պետությանը: Պարտավորեցնելով մարդկանց պատվաստվել՝ պետությունը դրա համար հնարավորություններ չի ապահովել:

Եթե սեպտեմբերի 20-ից հետո, այնուամենայնիվ, սկսվի անձնագիր ստանալու դիմումների ընդունումը, ապա մինչև հոկտեմբերի 1-ը դիմածների մեծ մասը դեռ չի հասցնի դրանք ստանալ: Իսկ անձնագրային բաժանմունքների հերթերը նույնիսկ սարսափելի է պատկերացնել, այդ թվում՝ նաև այն պատճառով, որ մարդաշատ տարածքում դժվար կլինի խուսափել վարակից: