Իրանի զինված ուժերը կարող են հարված հասցնել իրաքյան Քուրդիստանում ահաբեկչական խմբավորումներին, եթե դրանք սպառնան Իսլամական Հանրապետության անվտանգությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Պակպուրը:

«Զինված ահաբեկչական խմբավորումները փորձում են Հյուսիսային Իրաքն օգտագործել Իրանի հետ սահմանի շրջանում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու համար»,- Պակպուրի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ նման իրադրության շարունակումն անընդունելի է Իրանի համար և Թեհրանը համապատասխան կերպով կպատասխանի ահաբեկիչներին, ուստի այդ շրջանի բնակիչները պետք է հեռու մնան ահաբեկչական խմբերի տեղակայման վայրից։

Երկրի արևմուտքում սահմանակից շրջանները լարվածության աղբյուրներից մեկն են Իրանի համար։ Իրաքի սահմանով Իրանի տարածք է ներկրվում մաքսանենգ ապրանքների զգալի մասը։ Բացի դրանից, իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին պարբերաբար բախումներ են տեղի ունենում իրանցի սահմանապահների և քրդական կազմակերպությունների անդամների միջև։