Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի երիտասարդից փող է շորթել՝ նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Նախնական տվյալներով՝ արտաշատցի երիտասարդը մյուսից պարբերաբար պահանջել ու ստացել էր ընդհանուր կես միլիոն դրամից ավելի գումար։ Ըստ տեղեկությունների՝ 400․000 դրամ էլ պահանջել էր օգոստոսի 30-ին։ Հանցագործության բացահայտմանը ներգրավվել են ՔՈԳՎ, Արարատի մարզային ու փորձաքրեագիտական վարչությունների ծառայողները։ Պահանջած գումարը Արտաշատի Մարքսի փողոցում վերցնելուց հետո 27-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «շորթում» գրառմամբ 20 հատ 20-հազարանոց։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ բերման ենթարկված երիտասարդը օգոստոսի 17-ից 30-ը տուժողից շորթել է ընդհանուր 970 հազար դրամ։ Նա ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 33-ամյա մի տղամարդ, որին Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին սեպտեմբերի 3-ի երեկոյան ու ներկայացրին Արարատի մարզային քննչական վարչություն։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։