Սեպտեմբերի 4-ին խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմանում Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են «Nissan X-Trail», «Honda CRV», «Nissan X-Trail», «ՎԱԶ-2106», «Mitsubishi» և «Infinti» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Բախման հետևանքով նշված հատվածում խցանում էր առաջացել և շնորհիվ օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների, երթևեկությունը կարգավորվել է: Երթևեկությունը մասամբ դարձել է միակողմանի, քանի որ պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասել են, որ վիրավորներից 2-ին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարներն ու պարեկները:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: