Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներն արդեն բացել են ավելի վաղ փակած ճանապարհը: Նշենք, որ նրանք ի նշան բողոքի փակել էին ճանապարհը եւ պահանջում էին կառավարության եւ մարզպետարանի ներկայացուցիչներին:

NEWS.am-ի հետ զրույցում Փոքր Վեդիի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանն ասաց, որ ճանապարհը փակելու պատճառը եղել է խաղողի մթերման գինը, որն այս պահին 110 դրամ է, սակայն խաղողագործները մտավախություն ունեն, որ ավելի կիջնի գինը:

«110 դրամը հենց խաղողի ինքնարժեքն է, գոնե մի 150-140 չմթերե՞ն: Որ հաշվում ենք, ծախսերով 1 կգ խաղող մշակելու գինն է, հիմա էդ մարդիկ ասում են, ուրեմն դնենք քանդենք եթե այդպես է, որովհետեւ բուժանյութը, ամեն ինչը թանկացել է, իսկ մթերման գինը նույնն է մնացել: Նրանք պահանջում են, որ գոնե 150 դրամ մթերման գինը պահվի, այապես իրենք օգուտ չեն ունենում, այլապես կքանդեն խաղողի այգիները: 1993 թվակյանին էլ, երբ խաղողի մթերման գինը 50-60 դրամ էր, խաղողագործները համատարած քանդեցին այգիները»,-ասաց համայնքապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, դարձյալ փակել են ճանապարհը՝ կապված խաղողի մթերումների հետ։

Խաղողագործները պահանջում են մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում։

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այլևս չի լինելու դեպք, երբ խաղողագործները, առանց հիմնավորումների, կփակեն ճանապարհը։