Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բոլոր այն աշխատողների ցանկը, որոնց աշխատակիցները հոկտեմբերի 1-ից պետք է ընտրեն` պատվաստել, թե ՊՇՌ պարբերաբար թեստ հանձնել։ Նախարարությունը նշել է նաև, թե ովքեր կարող են ազատվել այդ նոր պարտադիր պահանջից։

Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, թե COVID-19-ին վերաբերող ինչ նոր սահմանափակումներ են ուժի մեջ մտնում հոկտեմբերի 1-ից և որ ոլորտների աշխատողներին է վերաբերելու 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության արդյունքը գործատուին ներկայացնելու  պահանջը:

Հիշեցնենք` առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ ս.թ. հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։

Նախարարի այս որոշումը բազմաթիվ հարցեր էր առաջացրել հանրության շրջանում, մասնավորապես` ո՞ր աշխատողներին է այն վերաբերում և ո՞ւմ հաշվին են իրականացվելու ոչ այնքան էժան (խմբ.–9-15 հազար արժողությամբ)ՊՇՌ հետազոտությունները։

Եվ այսպես, նախարարությունը տվել է այդ հարցերի պատասխանները. ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին. նոր սահմանափակումները վերաբերում են ՀՀ գրեթե բոլոր աշխատողներին։

Բանն այն է, որ ըստ նախարարության, վերոհիշյալ պահանջները սահմանվել են հետևյալ կազմակերպությունների աշխատակիցների համար.

•  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների,

•  փակ արտադրական տարածքների,

•  գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,

•  շինարարական հրապարակների,

•  մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման վայրերի,

•  հանրային սննդի օբյեկտների,

•  հյուրանոցային տնտեսության օբյեկտների,

•  բուժհաստատությունների,

•  դեղատների,

•  սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,

•  մարզադպրոցների,

•  վարսավիրանոցների, գեղեցկության սրահների

•  հանքագործական արդյունաբերության և բացահանքերի,

•  նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների,

•  հանրակրթական ուսումնական հաստատությունների,

•  նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների,

•  գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների,

•  լրատվամիջոցների

•  ցամաքային ուղևորատար տրանսպորտի,

•  օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների,

•  սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների։

Պատվաստվելու պահանջը չի տարածվելու միայն այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն պատվաստումների` բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումներ։

Բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան` տվյալ պատվաստանյութի կամ դրա որևէ բաղադրիչի նկատմամբ:

Իսկ ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով և քրոնիկ հիվանդությունների սրացումները:

Ի դեպ, նշենք, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է նաև աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների գրանցման համար նախատեսված հատուկ գրանցամատյանների ձևերը։