Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Արցախի Հանրապետության  հռչակման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել: Բեգլարյանն իր ուղերձում նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը խնդիր ունի վերլուծելու անցյալի հաջողությունները, ձախողումները,նաև ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը:

«Առնվազն 30 տարվա հեռավորությունից դիտարկելով ընտրված ճանապարհը միանշանակ մենք պետք է փաստենք, որ չկա այլընտրանք, միակ ճշմարիտ ուղին` Անկախության ուղին է, որովհետև այս 30 տարվա զրկանքները, կորուստները` ամեն ինչ եղել է այս անկախության համար, եղել է այս ճանապարհի համար:

Եթե չկա անկախությունը, ապա մենք բոլորս կմտածենք, թե իզուր էին բոլոր զրկանքները և բոլոր կորուստները, սակայն մենք պետք է հասկանանք, որ անկախությունը, ինքնորոշումը և մեր արժեքների պահպանությունն ու պաշտպանությունը կոնկրետ զրկանքներ, զոհողություններ ու կորուստներ է պահանջում: Մենք պետք է հասկանանք, որ այս ճանապարհը դժվարին է, սակայն սա առաքելություն է, որը այլընտրանք չունի»,- ընդգծել է Բեգլարյանը: