Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու աղոթքներն ենք բերում Ձեզ, Արցախի պետական այրերին և հավատավոր Մեր զավակներին։

Անկախության 30-ամյա հոբելյանը մեր ժողովուրդը դիմավորում է դժվարին պայմաններում, վիրավոր և վշտացյալ, բայց և՝ հարազատ Արցախ աշխարհը շենացնելու աննկուն կամքով ու հավատքով։

Արցախի անկախության անցնող տարիները ազգային տարեգրության մեջ արձանագրվեցին իբրև արցախահայության իրավունքների համար մաքառման, պետականության կայացման և ազատ ու արժանապատիվ կյանքի տեսլականի իրագործման էջեր։

Արցախն իր ազատատենչությամբ, ոգեղենությամբ և պատմական հայրենիքի փոքրիկ բեկորի ձգողականությամբ իր շուրջ համախմբեց համայն հայությանը։ Հայոց նոր կյանքի արշալույսի օրրանը լինելով՝ Արցախն այսօր էլ միավորում է մեր ժողովրդին ազգային վերելքի տեսլականով՝ ընդդեմ բոլոր մարտահրավերների։

2020 թվականի սոսկալի պատերազմը պատճառ դարձավ մարդկային և տարածքային մեծ կորուստների, ահռելի ավերների, առ այսօր շարունակվող թշնամական նկրտումների և սպառնալիքների։ Հակառակ ցավալի այդ իրողության, Հայաստանում և ամենուր աշխարհում ամենքիս պատասխանը պետք է լինի մշտամնա հոգածությունը Արցախի հանդեպ, աննահանջ ջանքն ու եռանդը՝ հանուն Արցախի մեր հայրենակիցների խաղաղ ու ապահով կյանքի, հանուն կորուստների վերականգնման։

Այսպիսին պետք է լինի արժևորումը հազարավոր մեր հերոս զավակների նահատակության»։