Տելեգրամյան ալիքներում տարածվող տեղեկությունը, որ բռնկվել է Սև լճի հարակից խոտածածկ տարածքը, այս պահին չի հաստատվում։ «Փաստինֆո»ին Գորիսից և Տեղ համայնքի Խոզնավար, Խնածախ բնակավայրերից հայտնում են, որ լճի ուղղությամբ նման միջադեպի մասին որևէ տեղեկություն չկա։

«Կոնկրետ մեր հատվածի պահով նման բան չկա, մի քիչ առաջ եմ իջել այնտեղից։ Եթե հետո կլինի՝ քամին ուժեղացած է, կերևա առաջիկա ժամերին», — «Փաստինֆո»-ին ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։ Վերջինի փոխանցմամբ՝ ադրբեջանական զինվորները իրենց համայնքում սադրանքների վերջին շրջանում չեն դիմել, չնայած հրդեհ է բռնկվել հայկական տարածքում տեղակայված ադրբեջանցիների դիրքերի մոտ։

«Սադրանքներ այս օրերի ընթացքում չեն եղել։ Երեք-չորս օր առաջ հրդեհ է բռնկվել իրենց մոտից՝ իրենց միջդիրքային հատվածում։ Իրենց զինծառայողներով հավաքվեցին, սկսեցին հանգցնել, մենք նայում էինք։ Պատրաստ կանգնած էինք, որ եթե կրակը դեպի մեզ անցնի, մի բան անենք, կրակը չտարածվի, բայց իրենք մեր իսկ կողմից ցանած ցորենի դաշտերում վառած կրակը հանգցրեցին, որտեղ իրենք կանգնել էին»։

Շադունցը նշեց, որ միջադեպը եղել է Տեղ վարչական շրջանի հատվածներից մեկում ։ Վստահեցնում է, որ այս պահին հանգիստ է իրավիճակը։ Կարծում է նաև, որ ադրբեջանցիները չեն կարող այրել իրենց տարածքները, քանի որ խոտը հասցրել են հնձել։

«Սահմանից դեպի մեզ խոտածածկ տարածք չկա, բարձր չէ ու հրդեհ լինելու դեպքում մենք արագ կանցնենք գործի, ուղղակի իրենց մոտ է խոտերը բարձր, որովհետև անասուն չի արածում, որ իրեն մոտ բռնկվի, ավելի վտանգավոր է»,- եզրափակեց Շադունցը։