Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

«Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ,դաստիարակներ, ծնողներ,

Շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Ուսումը բացում է ճանապարհը դեպի նոր կյանք ու նոր աշխարհ: Եղե՛ք համարձակ ու վստահ: Գիտելիքի միջոցով բացե՛ք բոլոր դռները, բացե՛ք կամքի ուժով ու սրտի թելադրանքով, աշխատասիրությամբ, միմյանց օգնելով, միմյանց վստահելով, միմյանցից սովորելով:

Յուրաքանչյուրդ ձեր մեջ հավատացած եղեք, որ կարող եք ձեր գիտելիքներով, եռանդով, հաստատակամությամբ, հավատամքով դրական փոփոխություն բերել, օգտակար լինել Հայրենիքին, Ազգին, Ընտանիքին և, իհարկե, ինքներդ ձեզ:

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ,

Այս ուսումնական տարին մեկնարկում է Հայաստանի անկախության 30-ամյակի շեմին: Դուք կերտում եք երկրի ապագան, ինչպես 30 տարի առաջ Հայաստանի և Արցախի անկախությունը կերտեցին ձեր ծնողները, տատիկ-պապիկները, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում մեր նախապապերն են պայքարել հանուն ազատության, անկախության և ապագայի»,-նշված է ուղերձում: