Աշխարհում գոյություն ունեցող ծառերի տեսակների գրեթե մեկ երրորդը կանգնած է անհետացման վտանգի առաջ, մինչդեռ հարյուրավորներն արդեն իսկ ոչնչացման եզրին են: Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով Բուսաբանական այգիների պահպանության միջազգային կառույցի զեկույցը:

Ըստ զեկույցի՝ 17 500 ծառատեսակ, որը կազմում է աշխարհում գոյություն ունեցող ծառատեսակների մոտ 30 տոկոսը, գտնվում են վերացման վտանգի տալ, իսկ 440 տեսակից 50-ից քիչ օրինակ է մնացել վայրի բնության գրկում:

«Ընդհանուր առմամբ, վտանգված ծառատեսակների թիվը անհետացման վտանգի առաջ կանգնած կաթնասունների, թռչունների, երկենցաղների և սողունների ընդհանուր թվի կրկնակին է»,- ասվում է զեկույցում:

Նշվում է, որ վտանգված ծառատեսակներից են մագնոլիաներն ու դիպտերոկարպ ընտանիքին պատկանող ծառերը, որոնք տարածված են հարավարևելյան ասիական արևադարձային անտառներում: Կաղնին և թխկին ևս վտանգված են:

Զեկույցի հեղինակները նշում են, որ հազարավոր ծառեր աշխարհի ծառատեսակներով 6 ամենահարուստ երկրում կանգնած են անհետացման վտանգի առաջ: Այս առումով ամենից շատ վտանգված ծառեր կան Բրազիլիայում՝ 1788 ծառատեսակ: Մյուս հինգ երկիրն են Ինդոնեզիան, Մալայզիան, Չինաստանը, Կոլումբիան և Վենեսուելան: