Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ, մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարին: Այսօր ուրախությամբ պետք է փաստել, որ թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներով, սակայն Գիտելիքի օրը նշում ենք ավանդական տոնականությամբ:

Նախորդ տարի մեր երկիրը կանգնեց ահռելի մարտահրավերների առջև՝ պատերազմ, համավարակ, որոնց ազդեցությունն արդիական է նաև այսօր: Մեր դպրոցներում այս ամիսներին ձևավորվել են իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության գործին նվիրաբերած շրջանավարտների անունները կրող անկյունները, փառքի սրահները, որ ձևավորվել են այս ամիսներին, աշակերտների համար յուրօրինակ ուխտավայրեր են լինելու՝ պարտավորեցնելով բոլորին մեծ ջանասիրությամբ սովորելու, ձեռք բերելու գիտելիքներ, հմտություններ և բազմապատիկ անգամ ավելիով ծառայեցնելու սեփական ներուժը իրենց անձի կայացման և Հայրենիքի զարգացման սրբազան գործին:

Սիրելինե՛ր, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա լուսավոր տոնի առթիվ՝ լիահույս, որ համատեղ ջանքերի, ամենօրյա անդուլ աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները և հաջողելու ենք ուսյալ, հայրենասեր, իրավատեր սերունդների կրթության նվիրական առաքելությունը»: