ՄԱԿ-ում հայտարարել են 50 տարում վտանգավոր կլիմայական երեւույթների պատճառով ավելի քան 2 մլն մարդու մահվան մասին։ Նյութական վնասը կազմել է 3,64 տրիլիոն դոլար։ Այս տվյալները մեջբերում է Ժնեւի Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպությունն իր զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Փորձագետները եզրակացության են եկել, որ վերջին 50 տարում ավելացել են եղանակային պայմանների հետ կապված աղետները։ Նշվում է, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է էքստրեմալ եղանակային երեւույթների թվի մեծացման։

1970-2019 թվականներին ավելի քան 11 000 աղետ է տեղի ունեցել՝ կապված էքստրեմալ կլիմայական, մետեորոլոգիական եւ հիդրոլոգիական երեւույթների հետ, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 2 մլն մարդ եւ հասցվել է 3,64 տրիլիոն դոլարի վնաս։

Մահվան դեպքերի 91 տոկոսը գրանցվել է զարգացող երկրներում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ եթե 1970-ական եւ 80-ական թվականներին ամեն օր միջինում գրանցվում էր 170 մահ, ապա 2010-ականններին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 40։ Միեւնույն ժամանակ, աճում է տնտեսական վնասը։ 2010-2019 թվականներին ամենօրյա նյութական կորուստները կազմել են միջինում 383 դոլար, ինչը 7 անգամ գերազանցում է 1970-1979 թվականների ցուցանիշը։ Նյութական վնասի ամենատարածված պատճառը փոթորիկներն են։