«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների հետ, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, բանտի ներսում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կնոջդ մարմինը մի օգտագործիր որպես թաքստոց» անունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։30-ի սահմաններում Վանաձորի բանտ է եկել դատապարտյալներից մեկի կինը, ում հատկացվել է օրինական կարճատև տեսակցություն։ Արդեն բանտում ստացված օպերատիվ տվյալներով կնոջը անձնական խուզարկության են ենթարկել, որի արդյունքում սպորտային կոշիկի մեջ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված բջջային հեռախոս, իսկ արդեն կանանց սենյակում բանտի կին աշխատակցի կողմից անձնական խուզարկությունը շարունակվում է, որի արդյունքում նրա սեռական օրգանում հայտնաբերվում է պոլիէթիլենային փաթեթ։

Բացելով փաթեթը՝ այնտեղ հայտնաբերվում է, ժողովրդական լեզվով ասած, «պլանի» նմանվող կանաչ զանգված, ինչպես նաև բջջային հեռախոսի համար լիցքավորման լար։

Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կնոջ դատապարտյալ ամուսինը խոստովանել է, որ իր կնոջ մոտ հայտնաբերված արգելված իրերը կինը կարճատև տեսակցության ժամանակ պետք է հանձներ իրեն։