Ադրբեջանցիները քանդել են Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի պատմաճարտարապետական արժեք ներկայացնող Մակուն կամուրջն ու փորձում են փոխել գետի հունը։

Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)` որպես ապացույց հրապարակելով արբանյակային լուսանկարները։

Կազմակերպության Twitter–ի էջում նշվում է, որ, դիտարկման համաձայն, կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։

Այդ ժամանակահատվածում Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը քանդվել է գետի հունը փոխելու ու ճանապարհաշինական– ինժեներական աշխատանքների ընթացքում: Փոքր կառույցը արբանյակային պատկերներում դժվար է տեսնել ծառի ծածկույթի պատճառով, սակայն CHW- ի աղբյուրները հաստատել են դրա գտնվելու վայրը»,– նշված է կազմակերպության գրառման մեջ։

Ադրբեջանի իրականացրած մշակութային վանդալիզմը դարձել է գրեթե անվերահսկելի. Դավիթ Բաբայան
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը նաև հայտնում է, որ կամուրջը կառուցվել էր 1890 թվականին` կոպիտ սրբատաշ քարերով, Իշխանագետ գետի մի փոքր վտակի վրա:

«Կամրջի ճակատային հատվածում տեղադրված էր է հայերեն մակագրություն « Ի հիշատակ Ղազար Հարություն Բեջանիանց»: Ցուցանակը ժամանակի ընթացքում ընկել էր, իսկ 2009թ–ին հայտնաբերվել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից ու տեղափոխվել Մեծ Թաղեր գյուղի թանգարան»,– արձանագրում է CHW-ը։

Կազմակերպությունը նաև հայտնում է, որ 2020 թվականի պատերազմից հետո դրա գտնվելու վայրն ու վիճակն անհայտ է: