Քաբուլի օդանավակայանում «Թալիբան» շարժման զինյալների կողմից Աֆղանստանի մայրաքաղաքի գրավումից մի քանի օր անց սպանվել է 20-ամյա վիդեոբլոգեր Նաջմա Սադեկին: Ինչպես հայտնում է CNN-ը, մահից կարճ ժամանակ առաջ կինը ձայնագրել էր վերջին տեսանյութը՝ դիմելով երկրպագուներին:

«Քանի որ մեզ թույլ չեն տալիս աշխատել եւ տնից դուրս գալ, մենք բոլորս պետք է ձայնագրենք վերջին տեսահոլովակը ձեզ համար եւ այս տեսանյութի միջոցով հրաժեշտ տանք բոլորիդ»,- տեսանյութը սկսել է Սադեկին:

Նա հայտնել է, որ չափազանց վախեցած է փողոցներով քայլելու համար եւ խնդրել է աղոթել իր համար: «Քաբուլում կյանքը շատ է դժվարացել, հատկապես՝ նրանց համար, ովքեր նախկինում ազատ եւ երջանիկ էին»,- հավելել է բլոգերը:

Աղջկա գործընկերների խոսքով՝ նա սպանվել է օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: Այդ օրը երկրից հեռանալու փորձի ժամանակ զոհվեց առնվազն 170 մարդ: Սադեկին մայրաքաղաքային ինստիտուտի վերջին կուրսում էր, իսկ YouTube-ի տեսանյութերում նա պատմում էր իր կյանքի մասին:

Աֆշար անունով բլոգերը CNN-ին պատմել է, որ ներկայումս իրենք չեն կարող շարունակել տեսանյութերի ձայնագրումն ու գումար վաստակել, ինչպես նախկինում: «Ես ընտանիքի միակ կերակրողն էի. հայրս մահացել էր, իսկ եղբայրս դեռ շատ փոքր է աշխատելու համար»,- հավելել էր նա: Նրա գործընկերները նշել են, որ իրենք նույնպես վախենում են լքել իրենց տները եւ դեռ չեն հասկանում, թե ինչպես են իրենց ընտանիքները շարունակելու ապրել: