ՆԱՏՕ-ի դաշնակիցները բախվում են բարդ խնդրի, թե ինչն է սխալ եղել Աֆղանստանում, բայց նրանք չեն մոռանա ոչ աֆղանցիներին, ոչ ահաբեկչության դեմ պայքարը, AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Ելույթ ունենալով այն բանից հետո, երբ ԱՄՆ վերջին ռազմական ինքնաթիռը լքել էր Քաբուլը՝ Սթոլթենբերգը նախազգուշացրել է «Թալիբան»-ին չխոչընդոտել երկրից փախչել փորձող աֆղանցիներին:

Նա պնդել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար ամեն ինչ կորած չէ, քանի որ նրանց միջամտությունը առնվազն կանխել է Աֆղանստանից միջազգային ահաբեկչական խմբավորումների հարձակումները արեւմտյան թիրախների վրա: Այժմ, սակայն, Քաբուլի նոր առաջնորդները պետք է աշխատեն միջազգային հանրության հետ, որպեսզի կրկին բացեն իրենց օդանավակայանը, թույլ տան դաշնակիցների հետ աշխատող աֆղանցիներին ապահով անցնել եւ ծայրահեղական խմբավորումներին վերահսկողության տակ պահել: «Շատ կարեւոր է օդանավակայանը բաց պահել»,- ասել է նա:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները ենթադրել են, որ Մեծ Բրիտանիայից կամ ԵՄ-ից քաղաքացիական փորձագետները կարող են օգնել աջակցելու օդանավակայանի աշխատանքին, սակայն պարզ չէ՝ արդյոք թալիբները պատրաստ են ընդունել դրանք:

Սթոլթենբերգը խոստացել է, որ դաշնակիցները կշարունակեն դիվանագիտական ճնշում գործադրել «Թալիբան»-ի վրա, որպեսզի թույլ տան մնացած աֆղանցիներին եւ նրանց ընտանիքներին, որոնք օգնել են արեւմտյան ջանքերին եւ այժմ վտանգի մեջ են, լքել երկիրը:

Նա գովել է Թուրքիային Քաբուլի օդանավակայանի կառավարմանը մասնակցելու առաջարկի համար:

«Մենք կշարունակենք աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ այլ երկրների հետ, որպեսզի օգնենք մարդկանց հեռանալ»,- խոստացել է նա: «Թալիբները հստակ հայտարարել են, որ մարդկանց թույլ կտան հեռանալ, մենք թալիբներին կդատենք ոչ թե նրանց խոսքերով, այլ նրանց արածով: Եւ մենք կօգտագործենք մեր քաղաքական, դիվանագիտական, տնտեսական լծակները, որպեսզի մարդիկ կարողանան հեռանալ»: