Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե քեզ ապտակում են, դու չես պատասխանում, էլի են ապտակում, եթե փորձում են խլել քո ունեցվածքը, դու չես պաշտպանում, էլի են խլում: Այս մասին երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով ասել՝ թուրքերը թող գան, մտնեն մեր երկիր: Թուրքը և ադրբեջանցին ապացուցում են, որ իրենց միակ նպատակը հայ ազգի բնաջնջումն է, հայ ազգ չպետք է լինի: Իրենք չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել, ուզում են, որ մենք ուղղակի չլինենք, ֆիզիկապես ոչնչանանք: Մեզ մի առիթով ասել են, որ թուրքական յաթաղանը 21-րդ դարում փոխարինվել է թուրքական «Բայրաքթարով»,-ասել է Վանեցյանը:

Նա անդրադարձել է հարցին՝ հնարավո՞ր էր առհասարակ այնպես անել, որ պատերազմ չլիներ, մենք կարողանայինք պահպանել մեր խաղաղությունը, հաղթողի կերպարը: «Այս իշխանություններն իրենց անփորձության, ապաշնորհության պատճառով մեզ հասցրին պատերազմի: Շատ հարցեր են տալիս՝ Նիկոլ Փաշինյանը դավաճանական ծրագի՞ր է արել, թե՞ չհասկանալով, չգիտակցելով է արել. անկեղծ ասած, ինձ համար այդքան էլ մեծ չէ տարբերությունը, որովհետև գիտակցելո՞վ է արել, թե՞ չգիտակցելով, ամեն դեպքում, ունենք այս հետևանքը՝ մեր հայրենիքի Արցախյան հատվածի 75 տոկոսի կորուստ, հազարավոր զոհեր, վիրավորներ, չլուծված անվտանգային խնդիրներ»,-ասել է նա ու հիշեցրել՝ ադրբեջանական զորքը ամիսներով մեր տարածքում է, և այս իշխանությունները չեն կարողանում դուրս շպրտել նրանց:

Արթուր Վանեցյանը նաև կարևորել է քաղաքացիների լավ ապրելու անհրաժեշտությունը: «Մարդ պետք է միշտ ձգտի լավ ապրել, բայց իշխանությունները փորձել են մարդկանց համոզել, որ հարուստ լինելը վատ է, և եթե մարդը հարուստ է, ուրեմն՝ հանցագործ է, բայց չպետք է մեղավորներ փնտրել, պետք է աշխատել, նպատակ դնել ու առաջ գնալ»,-ասել է նա ու ներկայացրել իր նպատակը.

«Հիմա մի նպատակ ունեմ, որին միասին ենք հասնելու՝ ունենալ ուժեղ, լավ Հայաստան և քաղաքացիներ, որոնց խաբելն անհնարին է: Իշխանությունը ոչ թե վայելք է, մեքենաներ, առանձնատներ, այլ, առաջին հերթին, պատասխանատվություն, որը պետք է կարողանալ հասկանալ, կրել: Եթե մենք կարողանանք ձևավորել համընդհանուր ազգային երազանք, ազգային գաղափար, մենք դրա շուրջ միշտ հավաքվելու ենք: Մենք պարտավոր ենք ապրել ու մեզ հետ ապրեցնել ողջ հայ ազգին»,-հայտարարել է Արթուր Վանեցյանը: