Ռուսաստանը տարբեր մակարդակներում Ադրբեջանի հետ շփումների ընթացքում կոչ է անում վերադարձնել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների:

Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նախ ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք գերեվարման մեջ էին այդ պահին:

«Այս պահին ադրբեջանցիները հայ զինծառայողների նշանակալի խմբի են պահում, որոնք այնտեղ հայտնվել են նոյեմբերի վերջին, այն բանից հետո, երբ հայտարարությունն ուժի մեջ էր մտել և պայմանավորվածություն էր ձեռք բերվել դադարեցնել յուրաքանչյուր թշնամական գործողություն: Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Ալիևի հետ շփումներում, ինչպես և մենք այլ մակարդակներում այդ ազդակը հղում ենք ադրբեջանցի գործընկերներին, կոչ ենք անում ազատ արձակել նրանց առանց նախապայմանների, որովհետև դա կարևոր հումանիտար քայլ կլինի և նշանակալի քայլ կլինի վստահության ձևավորման ուղղությամբ, որի կարիքն այդքան կա»,- ասաց Լավրովը:

Նա հավելեց, որ կշարունակեն հանդես գալ այդ դիրքերից, սակայն նկատեց, որ վերջնական որոշումն, ամեն դեպքում, իրենցից կախված չէ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ Հայաստանը վաղուց կատարել է իր պարտավորությունը. «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով» Հայաստանը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին: «Մենք համարում ենք, որ Ադրբեջանը իր կողմից պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ոչ միայն որպես իր պարտավորությունների կատարում, այլ նրա համար, որպեսզի փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծվի: Այդ մթնոլորտում արդեն կարելի  կլինի անցնել հետագա քննարկումներին և բոլոր հարցերի կարգավորմանը»,- ասաց Միրզոյանը: