Ծնողին հորդորել ենք Եռաբլուրում չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը։ Այսպիսի պարզաբանմամբ հանդես է եկել պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հերոս, զոհված Նարեկ Գևորգյանի հոր`Ռոման Գևորգյանի հայտարարությանը որդու գերեզմանը պղծելու վերաբերյալ։

Վարդան Ավետիսյանի խոսքով ՝Ռոման Գևորգյանին փոխանցել են նաև մյուս ծնողների բողոքները։ «Բոլորովին կապ չունի, թե Ռոման Գևորգյանը ֆինանսական ինչ ներդրումներ է կատարել այդ շիրմաքարը պատրաստելու համար, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ֆինանսական նման հնարավորություններ չունեն, իսկ դա չի նշանակում, թե ինքը պետք է գերագնահատի իր ֆինանսական կարողությունները և նման քայլի գնա: Սակայն ծնողն անդրդվելի է մնացել, ինչի պատճառով պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանված չափորոշիչներին համապատասխանող շիրմաքար կառուցել՝ մնացած բոլորի հետ համապատասխանեցնելու սկզբունքով: Օգոստոսի 6-ից մինչև ապամոնտաժման օրը բազմիցս հորդորել և խնդրել ենք: Բոլոր ծնողներն ընդունել են նախարարության չափորոշիչները, բայց ինքը բոլորից տարբերվում է, իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,- պարզաբանել է Վարդան Ավետիսայնը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության դիմաց իրականացվել էր բողոքի ակցիա, որի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի հայրը ՝ Ռոման Գևորգյանը հայտարարել էր, որ որդու գերեզամանը քանդել են, այնինչ այդպիսի գերեզման կառուցելու համար ունեցել է պաշտպանության նախարարների և  համապատասխան մարմիների թույլտվությունը: