Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումն ավարտել է երկրի նոր կառավարություն կազմելու շուրջ բանակցությունները:  Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը։

«Աֆղանստանում նոր կառավարություն կազմելու շուրջը բանակցություններն ավարտվեցին: Մոտ ժամանակներս կհայտարարվեն կոնսուլտացիաների արդյունքները»,- հայտնել է շարժման ներկայացուցիչը։

Օգոստոսի 29 -ին արմատականների մամուլի խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ թալիբները նախատեսում են երկու շաբաթվա ընթացքում ավարտել կառավարության ձևավորման գործընթացը: Միաժամանակ, թալիբներն արդեն լրացրել են երկրի բոլոր 34 նահանգների ոստիկանապետերի թափուր պաշտոնները:

Մինչ օրս արմատականները նշանակել են մի շարք նախարարների ժամանակավոր պաշտոնակատարների, ինչպես նաև գրեթե բոլոր նահանգապետերին և բազմաթիվ քաղաքապետների։