ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:

Պատգաավորը առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ՝ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում:

Նշված օրենսդրական կարգավորումից, ինչպես նաեւ զինվորական հոսպիտալներ կատարված այցերի արդյունքում պարզվել է, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բժշկական օգնություն եւ սպասարկում նախատեսված չէ, եւ զինծառայողների հետազոտությունն իրականացվում է ընդհանուր հիմունքներով: Արդյունքում, զինծառայողների հետազոտությունները ձգձգվում են, որի հետեւանքով զինվորական հոսպիտալներում նրանց մնալը երկարացվում է: Նշված խնդրին անդրադարձ է կատարվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդմամբ: Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ եւ սեղմ ժամկետներում:

Խնդիրը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ զինվորական հոսպիտալները բավարար չափով հագեցված չեն համապատասխան գործիքային ախտորոշիչ սարքավորումներով (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա եւ այլն), կամ առկա սարքավորումների քանակը բավարար չէ զինծառայողների հետազոտությունները պատշաճ իրականացնելու համար (օրինակ՝ հոլտերմոնիտորներ): Ուստի, անհրաժեշտ է նշված հետազոտություններն իրականացնել քաղաքացիական բժշկական հաստատություններում:

Հետեւաբար, վերոնշվածում ներկայացված խնդրի համակարգային կարգավորման համար զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքը անհրաժեշտ է ամրագրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի մակարդակով»,-նշված է հիմնավորան մեջ: