Եվրամիությունում մեծահասակների 70 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին Twitter-ի իր էջին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Այսօր մենք հասանք բնակչության պատվաստման մեր արշավի կարեւոր հանգրվանին: Եվրամիությունում մեծահասակների 70 տոկոսը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ: Այժմ 250 միլիոն մարդ իմունիտետ ունի հիվանդության նկատմամբ: Սա իսկապես մեծ ձեռքբերում է եւ հստակ ցույց է տալիս, թե ինչ կարող ենք անել մենք միասին աշխատելիս»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

Միեւնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ համավարակը դեռ չի ավարտվել, եւ նոր շտամները դեռ մեծ վտանգ են ներկայացնում: «Ես կոչ եմ անում բոլորին պատվաստվել: Սա ձեզ եւ ձեր շրջապատին պաշտպանելու միակ միջոցն է»,- շեշտել է նա:

Բացի այդ, ֆոն դեր Լյայենը ընդգծել է պատվաստման ոլորտում ավելի քիչ զարգացած երկրներին օգնելու ԵՄ բարոյական պարտավորության վրա: «Մենք արտահանում եւ նաեւ փոխանցում ենք պատվաստանյութերն անվճար օգտագործման համար: Եվրամիությունը COVAX-ի հիմնական դոնորն է»: