«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ խորհրդարանում ընդունեցի Ադրբեջանի կողմից գերեվարված և վերադարձած Արմեն Բուդոյանին:

«Մեր հայրենակիցը պատմեց, թե ինչպես են ինքն ու իր ընկերները գերեվարվել առաջադրանք կատարելիս և 17 օր անցկացրել Բաքվի բանտում: Այդ օրերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունից որևէ մեկը նրա ընտանիքի անդամների հետ կապ չի հաստատել: Արմենը գերությունից վերադարձել է Հայաստան և պարզել, որ հայտնվել է կադրերի ռեզերվում: Նա նշում է, որ չի արժանացել այն ուշադրությանը, որին սովորաբար կադրերի ռեզերվում գտնվողներն են արժանանում, և այդ ամիսների ընթացքում իրեն չեն ֆինանսավորել: Բացի դրանից՝ զինծառայողները պաշտպանության նախարարության հետ բնակարանի վարձի պայմանագիր էլ ունեն, որով նախատեսվող գումարը նույնպես չեն վճարել, և վարձակալած բնակարանի սեփականատերը Արմենին, նրան կնոջն ու երեք անչափահաս երեխաներին տանից դուրս է հանել:

Արմենը հավելեց, որ պահանջել է իրեն ծառայության նշանակել մեկ այլ զորամասում, եթե՝ ո՛չ, ապա՝ զորացրել: Սակայն արդեն մի քանի ամիս է՝ ինչ իրեն չեն զորացրում, նույնիսկ զինվորական գրքույկը չեն տալիս: Նա պահանջում է իր զինվորական գրքույկը, որն իրեն խիստ անհրաժեշտ է այլ ոլորտում աշխատանքի անցնելու համար:

Հայրենիք վերադառնալուց հետո Արմենը նամակ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել:

Հետևողական եմ լինելու և իմ հնարավորությունների սահմաններում զբաղվելու եմ նրա խնդիրներով՝ փորձելով հասնել դրանց լուծմանը»,-գրել է նա: