Օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Կնյազ Շամոյանը իր վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվելով հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Կ. Շամոյանը մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սամվել Թադևոսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։