Հայաստանի տնտեսական աճը 2021թ․ կարող է լավագույն դեպքում 6,5 — 7% կազմել, սակայն դա քիչ է՝ հաշվի առնելով 8% անկումը, որն արձանագրվել էր անցյալ տարի: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նա պարզաբանեց, որ այդ ցուցանիշները (6,5-7%) հնարավոր են, եթե բարենպաստ բնակլիմայական պայմաններ լինեն գյուղատնտեսության ոլորտի զարգացման, ներդրումների, զբոսաշրջիկների ներհոսքի, արդյունաբերական աճի եւ ցածր ինֆլյացիայի համար:

Հակառակ դեպքում փորձագետը չբացառեց ընդամենը 4-5% աճը: «Հայաստանի Կենտրոնական բանկը ընթացիկ տարվա հունիսի կեսերին երկրում տնտեսական աճի իր կանխատեսումը 2021 թվականի արդյունքներով բարելավել է մինչեւ 4,6%: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 3,4%-ով, 2022 թվականին՝ 4,3%-ով, իսկ 2023 թվականին՝ 5,3%-ով: Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2021թ. կկազմի 1%: S & PGlobalRatings վարկանիշային գործակալության տվյալներով՝ մեր երկրում ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2,5%՝ 2021 թվականին եւ 4,5%՝ 2022-2023 թվականներին՝ 2020 թվականին 6,9% անկումից հետո: FitchRatings-ն ակնկալում է Հայաստանի տնտեսության չափավոր 3,2% վերականգնում՝ 2021 թվականին եւ 4%՝ 2022 թվականին: Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հունիսյան զեկույցում նշվում է, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4%-ով, իսկ 2022 թվականին` 5%-ով»,- հավելեց Մանասերյանը:

Նա իր վերլուծության մեջ նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը տնտեսական բարենպաստ պայմանների առկայության դեպքում տարեկան 9% մակարդակի տնտեսական աճ է ակնկալում՝ բացատրելով, որ դրված նպատակը պահանջում է ներդրումային միջավայրի բարելավում եւ բյուրոկրատական խոչընդոտների վերացում:

Ներկայացնելով աշխատատեղերի աճի վերաբերյալ թվերը` փորձագետը կոչ արեց հաշվի առնել, որ անցած տարի Հայաստանում տասնյակ հազարավոր աշխատատեղեր են կրճատվել:

«2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն գրանցել է 3,3% անկում՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին գրանցել է 4,3% աճ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: 2021 թվականի հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը, 2020 թվականի հունվար-մայիսի համեմատ, աճել է 2.3%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 14.3%-ով:

Ներքին առեւտրի շրջանառությունը 2021 թվականի հունվար –մայիս ամիսներին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,4%-ով, իսկ արտաքին առեւտրի շրջանառության ծավալը՝ 11,6%-ով: Կառավարության աշխատանքի կարեւոր ոլորտներից կարելի է առանձնացնել գիտության նկատմամբ ուշադրության բարձրացումը եւ ենթակառուցվածքների զարգացման գործում ներդրումների խթանումը: Շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնել Հայաստանի եւ Ղարաբաղի էներգետիկ անվտանգությանը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման միջոցով ինքնավար էներգիայի մատակարարում ապահովելու համար»,- նշվում է Մանասերյանի վերլուծության մեջ: