Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի  քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած  ողբերգական դեպքի փաստով:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի:

Նշված  հոսպիտալ է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 3-ամյա Սաթենիկ Գ.-ն էր:

Քննչական բաժին հրավիրված Սաթենիկի մայրը հայտնել է, որ  նույն օրը երեխան ընկել է իրենց տան դիմաց գտնվող առվի մեջ և խեղդվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: