Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։

ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։

Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ տնտեսական զարգացման հարցերով զբաղվելը և համագործակցության համար պայմաններ ստեղծելը հնարավոր են միայն կայուն խաղաղության ապահովումից հետո։

Էրդողանը կրկին անդրադարձել է, այսպես կոչված, «Վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նրա խոսքով՝ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։

Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցել, «որոնք երկրների կկապեն, և այդպիսով շատ խնդիրներ կհաղթահարվեն»։