Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ-ի նոր զեկույցը գիտականորեն անստույգ է անվանել եւ կոչ է արել, որպեսզի գիտնականները զբաղվեն այդ հարցով, այլ ոչ թե՝ ԱՄՆ հետախուզական գործակալությունները, ասվում է դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ:

«Զեկույցը, որը պատրաստվել է ԱՄՆ հետախուզության կողմից, գիտականորեն համոզիչ չէ: Կորոնավիրուսի ծագումը պարզելը գիտության գործն է, դրանով պետք է եւ կարող են զբաղվել միայն գիտնականները, այլ ոչ թե հետախուզության փորձագետները», ընդգծում է չինական կողմը:

«ԱՄՆ հետախուզական համայնքի զեկույցն այդպես էլ չի տվել այն պատասխանը, որը ցանկանում է տեսնել ամերիկյան կողմը: Նման ջանքերի շարունակումը նույնպես ապարդյուն կլինի, քանի որ առարկան ինքնին գոյություն չունի եւ հակասում է գիտությանը»,- ասված է հայտարարության մեջ: