ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը սոցցանցում վերլուծել է վերջին օրերին Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և նախազգուշացրել, թե ինչ վտանգներով են դրանք հղի՝ ՀՀ իշխանությունների կողմից վարած քաղաքականության պարագայում։

«Եկեք ամրագրենք այս երկու օրերի որոշ առանցքային կետեր:

1․ Հայաստանը քողարկված իրականացրեց սահմանազատման առաջին փուլը Սյունիքում և, ըստ իշխանամետ պաշտոնյաների հայտարարությունների, Հայաստանի Սյունիքի մարզի մի մասը արդեն պաշտոնապես համարվում է Ադրբեջանի տարածք (խոսքը վերաբերում է Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի ՝ թուրք-ադրբեջանական զորքերի կողմից գրավված հատվածին):Այդ տարածքները ներկայացվեցին որպես ադրբեջանական ՝ հիմնվելով ԽՍՀՄ քարտեզների վրա։

2․ Ադրբեջանը ցուցադրական գործողություն է իրականացրել `ցույց տալու Հայաստանի հարավային շրջանները երկրի մնացած տարածքներից կտրելու և հայ-իրանական լոգիստիկ կապը փակելու իր հնարավորությունները:

3․ Հայաստանի իշխանություններն ակտիվորեն նախապատրաստում են մեզ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացի մեկնարկի, սակայն այն պայմանները, որոնց համաձայն Թուրքիան կհամաձայնվի բացել սահմանները Հայաստանի հետ, և որին համաձայնվել են Հայաստանի իշխանությունները, պահվում են խորը գաղտնիության մեջ:

4․ Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը ռուս խաղաղապահների շուրջ՝ վերջիններիս հրահրելով և անընդհատ մեղադրելով ռուսներին Հայաստանի և Արցախի իշխանություններին նկատմամբ շատ «բարեհամբույր» լինելու մեջ։ Զուգահեռ փորձում են տպավորություն ստեղծել, թե ռուս խաղաղապահները չեն կարողանում ապահովել «ադրբեջանական» կողմի անվտանգությունը։

Օրինակ՝ ակտիվորեն տարածվում է Արցախի զինված ուժերի կրակոցներից Շուշիում ադրբեջանցի զինվորների ենթադրյալ մահվան մասին տեղեկատվությունը: Դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում ռուսներին Արցախից ու Հայաստանի սահմանամերձ տարածքներից դուրս մղելու փորձերի համար:

5․ Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ Ադրբեջանի վերահսկողությանը կփոխանցեն Հայաստանը հյուսիսից Վրաստանի հետ կապող միջպետական մայրուղու մի հատվածը։

Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ թուրք-ադրբեջանական զորքերը միաժամանակ որոշեն փակել երկրի հարավային (դեպի Իրան) և հյուսիսային (դեպի Վրաստան) ճանապարհները:

Պատկերացրեցի՞ք։ Ձեր մազերը դեռ չե՞ն սպիտակել:

6․ Մեր երկրի կառավարությունը «տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման» հովանու ներքո շարունակում է երկիրը տանել դեպի անխուսափելի մասնատում և, ի վերջո, ոչնչացում՝ նվազագույնը որպես տարածաշրջանային քաղաքական միավոր:

Ահա և արդյունքները:

Եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Եվ, ինչպես միշտ, Ապագա կա՛ … վայելե՛ք», — գրել է Աբովյանը։