Երեկ ԱԺ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու պատճառով Սյունիքի մարզը Հայաստանից կտրվելու վտանգին, ասել էր, որ կա այլ՝ Կապան-Աղվանի նորմալ, գրունտային ճանապարհը, ուստի Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ։

Այսօր արդեն կառավարության նիստին, անդրադառնալով նույն խնդրին, Փաշինյանը նշել էր, որ մինչև տարեվերջ Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի։

Կառավարության նիստից հետո ճեպազրույցով հանդես էր եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու լրագրողներին ասել, որ իրանական բեռնատարները Հայաստան մտնելու խնդիր չունեն, քանի որ սահմանն սկսվում է Մեղրիից, սակայն Երևան հասնելու խնդիր ունեն, ինչը կարող են անել շրջանցող ճանապարհով։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհով բեռնատարներն անցնել չեն կարող, այն բեռնատարների համար հարմարեցված չէ։

Որոշ ժամանակ անց համացանցում հայտնվել է տեսանյութ՝ ներկայացնող, թե ինչ վիճակում է ՀՀ ղեկավարի ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի մատնանշած այլընտրանքային ու շրջանցող ուղին, որով, ըստ էության, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բեռներ պետք է տեղափոխվեն կամ ապահովվի Սյունիքի կապը Հայաստանի հետ։

Տեսանյութը հրապարակել է 24news.am-ը։