Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղում արդյունաբերության և բնակիչների կարիքների համար կառուցվող ջրամբարի աշխատանքների իրականացման անվտանգությունը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Տվյալ կառույցը գտնվում է սահմանազատման գծի մոտակայքում, ինչով պայմանավորված անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը»,- ասել է զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:

Հիդրոտեխնիկայի մասնագետները սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Մարտակերտի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում արհեստական ջրամբարի ստեղծման ուղղությամբ:

Քաղցրահամ ջրի ստորգետնյա և վերգետնյա աղբյուրների պաշարների պահպանման համար ստեղծվող ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։