Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հանդիպել է անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ և շատ սերտ համագործակցության մեջ է նրանց հետ:

«Ի պատիվ այդ մարդկանց՝ այդ 8 ընկերությունները իրենց միջոցներով են նախաձեռնել ԱԹՍ-ի արտադրության այդ ամբողջ նախապատրաստական փուլը, նույնիսկ արտադրական և փորձարկման փուլն են հասել: Այստեղ մեր կողմից լինելու է միանշանակ աջակցություն: Դա նաև պայմանավորված է վարչապետի հանձնարարությամբ: Պաշտպանության նախարարությունը, իմ տեղեկություններով, պատրաստ է նույնիսկ այսօր իր սպառազինությունը համալրել տեղական ԱԹՍ-ներով»,- ասաց Խաչատուրյանը:

Նախարարի խոսքով` ընկերությունները խնդիր ունեն երկարաժամկետ պայմանավորվածությունների հետ կապված, քանի որ դեռ չգիտեն, թե արդյոք իրենց արտադրանքը պահանջարկ կունենա:

«Կազմակերպությունները ուղղակի պետք է պայմանագրային պարտավորությունների տակ մտնեն, որ, կարողանան, ենթադրենք, առաջիկա 2-3 տարիների ընթացքում որոշակի քանակությամբ ԱԹՍ-ներ մատակարարել: Համագործակցությունը այսպիսին է`  ընկերությունը ունի գաղափար,այդ գաղափարը իրականացնում են: Հետագա զարգացումը կապված է պետության հետ՝ հանձինս մեզ և Պաշտպանության նախարարության: Փորձարկումների ընթացքում, եթե պարզվում է, որ համապատասխանում են մեր ներկայացված պահանջներին, պայմանագիր է կնքվում արտադրանքը մատակարարելու համար: Այստեղ իրենք խնդիր ունեն, իրենք էլ են նշում այդ խնդրի մասին, բայց այդ խնդիրն էլ շատ հասկանալի է, որովհետև իրենք էլ պետք է հասկանան այդ արտադրանքը պահանջարկ ունի, թե ոչ, նոր մտածեն արտադրության ընդլայնման մասին»,- եզրափակեց Խաչատուրյանը: