Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար Առողջապահության նախարարությունը առաջարկում է պահպանել հետևյալ պարզ կանոնները.

• խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն մի մնացեք դրսում,

• հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,

• օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Մեծ քանակությամբ աղերի ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը թարմացնում և անցկացնում է հոգնածությունը: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից նախապատվությունը տալ լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն թեյը պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,

• ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն,

• օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,

• չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

• չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

• ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

• անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,

• պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,

• այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան: