Վիետնամից սուրճի համաշխարհային մատակարարումը խոչընդոտում են խիստ սահմանափակումները, որոնք հաստատվել են կորոնավիրուսի դելտա շտամի տարածումը վերահսկելու համար, հաղորդում է Bloomberg-ը: Երկիրը սուրճի արտադրությամբ զբաղվող մեծությամբ երկրորդն է համարվում:

Կառավարությունը խիստ լոքդաուն է սահմանել արտահանման կենտրոն Խոշիմինում վարակման թվի աճի պատճառով եւ վերահսկում է փոխադրումները արտադրական որոշ առանցքային շրջաններում: Արտահանողները բախվում են դժվարությունների հետ սուրճը նավահանգիստ տեղափոխելու ժամանակ: Այդ դժվարություններին ավելանում են նաեւ այլ լոգիստիկ խնդիրները, ինչպես կոնտեյներների պակասն ու բեռները տեղափոխման վճարների բարձրացումը:

Վաճառողները, այդ թվում՝ Վիետնամի սուրճի եւ կակաոյի ասոցիացիան, ուղարկել են կառավարությանը դիմում սահմանափակումները թուլացնելու խնդրանքով, որոնց հետեւանքով ուշանում են մատակարարումներն ու տեղի է ունենում գնաճ: Ի պատասխան՝ տրանսպորտի նախարար Նգուեն Վան Թխեն հանձնարարել է իշխանություններին երկրի հարավում անել հնարավոր ամեն ինչ ֆերմերական մթերքների, այդ թվում՝ սուրճի եւ բրնձի փոխադրման հարցում օգնելու համար: Տեղական պետական պաշտոնյաները պետք է խուսափեն ոչ պարտադիր պահանջներից ու թղթաբանությունից:

Այս տարի երաշտն ու ցրտահարությունը վնաս էին հասցրել Բրազիլիայում բերքին, որը համարվում է սուրճի առաջին մատակարարն ու պրեմիալ արաբիկա տեսակի արտադրողը: Դա խորացրել էր ե՛ւ Վիետնամում, ե՛ւ Ինդոնեզիայում մատակարարման խնդիրները: Այնուհետեւ որոշ գործարարներ որոշել էին անցնել սուրճի առավել մատչելի տեսակներին Վիետնամից, սակայն այժմ գնաճն ու մատակարարման հետ կապված խնդիրներն այդ տարբերակը պակաս գրավիչ են դարձնում: