Կապան-Գորիս ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակ հատվածները բացելու շուրջ եռակողմ բանակցություններն այսօր՝ օգոստոսի 27–ին դեռ չեն վերսկսվել. օրվա ընթացքում նախատեսվում է դրա վերսկսումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը։

Ադրբեջանցիների կողմից Սյունիք մարզի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ եւ  Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները փակելու հետեւանքով շրջափակման մեջ են ընկել Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերը։

«Գյուղերը կապող ճանապարհներ  կան, բայց դրանք շատ վատ վիճակում են գտնվում։ Խնդիրն այն է, որ Մ2 ճանապարհն է փակ, որը շատ լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանի հետ կապը կտրվում է»,– ասաց Գեւորգ Փարսյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 25–ին, ժամը 23։00-ից փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա եւ  հրաժարվում են բացել։ Նախորդ գիշեր տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։

Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհը։ Երեկ տեղի ունեցած եռակողմ բանակցություններն ավարտվել էին երեկոյան, սակայն անարդյունք. Ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել այդ ճանապարհատվածները։