Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնեցին պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 բժշկական սառնարան։

Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ընդունեցին սարքավորումներն ու քննարկեցին առաջիկա գնումների ու տեխնիկական աջակցության հարցերը։ «ԵՄ-ն պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` առողջապահության ոլորտի կարողությունների հզորացման և COVID-19 համաճարակի հաղթահարման նպատակով: Սառնարանները կօգտագործվեն պատվաստանյութերն ու այլ բժշկական արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահելու համար՝ ապահով պահեստավորման հնարավորություն ստեղծելով հօգուտ Հայաստանի քաղաքացիների: Մենք պետք է համբերատար շարունակենք պայքարն այս համաճարակի դեմ», — նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

ԵՄ-ն և ԱՀԿ -ն Հայաստանի կառավարության կողքին են՝ քաղաքացիներին պատվաստանյութերի բավարար մատակարարում ապահովելու և համաճարակն ավելի արագ հաղթահարելու ջանքերում: