ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվող, Էջմիածին քաղաքի 52-ամյա բնակիչը և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, որը քննությամբ ձեռք բերված տվյալներով, Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ 52 տարեկան,  մուտք էր գործել «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութ, հետևից ծածկել խանութի մուտքի մետաղյա դուռը և վաճառողուհու նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ դանակով և ձեռքերով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարաբնույթ մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցրել էր գումար և դիմել փախուստի՝ իր հետ վերցնելով նաև աշխատակցուհու բջջային հեռախոսը:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի և մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ, ստացվել են արյան նմուշներ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: