Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն առաջին անգամ արտագնա ընդունելություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերում:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, Վանք գյուղի շրջանային հիվանդանոցում քաղաքացիների ընդունման շարժական կետ է բացվել, որտեղ նաև «թեժ գիծ» է գործում անհետ կորած զինծառայողների մասին տեղեկությունների հավաքման, հումանիտար օգնության տրամադրման և այլ խնդիրների հարցում աջակցության համար:

Ընդհանուր առմամբ, քաղաքացիների ընդունման կետ դիմել է ավելի քան 800 մարդ: Այդ թվում՝ ավելի քան 400 դիմում ստացվել է «թեժ գծի» հեռախոսահամարով:

Ինչպես հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին, այսօր ավելի քան 5 տոննա պարենային ապրանք է փոխանցվել փախստականներին և բազմազավակ ընտանիքներին:

Ռազմական բժիշկները տեղի հիվանդանոցում խորհրդատվություն և բուժօգնություն են տրամադրել Վանքի 150 բնակչի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։