Այսօր առավոտյան սեփականատիրոջ՝ Սմբատ Նասիբյանի կողմից անօրինական փակվել է ՆԱԻՐԻ կինոթատրոնի մուտքի դռները և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք: Այս մասին ասված է կինոթատրոնի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում:

«Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Արդեն ամիսներ շարունակ Սմբատ Նասիբյանն ամեն գնով փորձում է խոչընդոտել կինոթատրոնի բնականոն աշխատանքը: Մինչ այս ամենը փակել է տվել ելքի դռները՝ թույլ չտալով հանդիսատեսին օգտվել զուգարաններից: Անօրինական և ծիծաղելի պահանջ է ներկայացրել դատարան, թե կինոդահլիճի նստարաններն ու պատերի մեջ առկա դինամիկները պայմանագրի մեջ նշված չեն, կարծես թե հանդիսատեսը պետք է գետնին նստեր: Եվ ամենակարևոր ու անհասկանալի արարքը, որը այս անձի մասին շատ լուրջ մտածելու առիթ է տալիս՝ հանել է տվել մինչ այդ կինոթատրոնի տանիքին տեղադրված ՀՀ պետական դրոշները:

Նաև տարիներ շարունակ տարբեր անհիմն պատճառներով մերժել է շենքը ամբողջությամբ տալ վարձակալության և մեր սիրելի հանդիսատեսը չի կարողացել օգտվել հիմնական նախասրահից և երկրորդ դահլիճից: Իհարկե այս ամենի գլխավոր պատճառներից մեկը այն է, որ իր իսկ խոստովանությամբ՝ Ամբատ Նասիբյանը չի ուզում, որ ՆԱԻՐԻ կինոթատրոնի շենքը աշխատի որպես կինոթատրոն:

Երևի ռեստորան, կամ բրենդային մոլ է ուզում դարձնել: Կարծում ենք, որ հայ ժողովուրդը թույլ չի տա» :