Հարյուրավոր բուժաշխատողներ հինգշաբթի հանրահավաքներ են անցկացրել Աթենքում եւ Սալոնիկում՝ բողոքելով COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Աթենքում նրանք կեսօրին հավաքվել են Հունաստանի առողջապահության նախարարության մոտ եւ իշխանություններից պահանջել են հրաժարվել այն որոշումից, որ բժիշկներն ու այլ բուժաշխատողները պետք է հեռացվեն աշխատանքից, եթե չպատվաստվեն: Սալոնիկում նմանատիպ ակցիա է տեղի ունեցել քաղաքի զբոսաշրջային խորհրդանիշ հանդիսացող Սպիտակ աշտարակի հարակից հրապարակում:

Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից բուժհաստատությունների այն աշխատակիցները, ովքեր չեն պատվաստվել կամ չունեն կորոնավիրուսային հիվանդության վկայական, աշխատանքից կհեռացվեն առանց վարձատրության: Պարտադիր պատվաստումները վերաբերում են նաեւ մասնավոր բժիշկներին եւ դեղագործներին: Աթենքի հանրահավաքի մասնակիցներն ասել են, որ դեմ չեն պատվաստումներին, սակայն այն չպետք է պարտադիր լինի: Նրանց պաստառներին գրված է եղել․ «Պատվաստումը մեր անձնական ընտրությունն է», «Պարտադիր պատվաստումը ահաբեկչություն եւ բռնություն է»:

Հանրային հիվանդանոցների աշխատողների համահունական ասոցիացիայի (POEDHN) նախագահ Միխալիս Յաննակոսը ասել է, որ կառավարությունը նախատեսում է չպատվաստվող բժիշկների թափուր պաշտոնները նոր աշխատողներով փոխարինել։ Նրա խոսքով՝ մտավախություն կա, որ այն բժիշկներն ու այլ բուժաշխատողները, ովքեր կմնան իրենց տեղերում, երեք հերթափոխով կաշխատեն մեծ ծանրաբեռնվածությամբ: Յաննակոսը հայտարարել է չպատվաստված բուժաշխատողներին դատական կարգով աջակցելու ասոցիացիայի մտադրության մասին։

«Նրանց թիվը նվազագույն է, նրանք 18 ամիս կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են, բուժում են հիվանդներին եւ այժմ նրանց դուրս են շպրտում փողոց»,- ասել է նա: — Մենք մեղավոր չենք, որ կառավարությունը չհամոզեց բնակչությանը պատվաստվել: Վիրուսը փոխանցվում է նաեւ պատվաստված մարդկանց միջոցով»:

Իր հերթին, առողջապահության նախարար Վասիլիս Կիկիլիասը հինգշաբթի Skai հեռուստաալիքի եթերում ընդգծել է, որ «Պատվաստումների ազգային կոմիտեն հստակ եզրակացության է եկել բուժաշխատողներին պատվաստելու պարտավորության մասին»: «Սա բարոյական խնդիր է: Ես տեսնում եմ, որ պետական եւ մասնավոր հատվածի գործընկերների ճնշող մեծամասնությունը պատվաստվել է եւ դեռ կշարունակի պատվաստվել»,- ասել է նախարարը: Նրա կարծիքով, կառավարության հայտարարած միջոցներին «արձագանքում են ոչ թե բուժաշխատողները, այլ որոշ արհմիություններ»: «Բժիշկների ավելի քան 94-95%-ը պատվաստված է: Ինչ վերաբերում է բուժքույրերին, ապա նրանցից տասնյակ հազարավոր մարդիկ արդեն պատվաստվել են եւ շարունակում են պատվաստվել»,- ընդգծել է Կիկիլիասը:

Նրա խոսքով՝ գիտական տվյալները վկայում են, որ ռիսկը 20 անգամ նվազում է այն մարդկանց համար, ովքեր պատվաստվել են 60 եւ բարձր տարիքում: «Վերակենդանացման բաժանմունքներ ընդունված տասը մարդուց ինը պատվաստված չէ: Այս պահին հիվանդանոցներում բուժվում է չորս նորածին եւ 10 երեխա, որոնցից մեկին անհրաժեշտ եղավ միացնել թոքերի արհեստական օդափոխության սարքավորումներին»,- ասել է նախարարը: